Քննարկումների Կանոններ

Հարգելի՛ զրուցակիցներ,

ստորև առաջարկում ենք Futures Studio հարթակում բանավեճերի վարման մի քանի պարզ կանոններ թե՛ վիրտուալ, թե՛ իրական տարածությունում*: Բանավեճերի բոլոր մասնակիցների կողմից այդ կանոններին հետևելը կնպաստի, որ քննարկումներն առարկայական, կառուցողական և, գլխավորը, արդյունավետ լինեն:

Որպեսզի մեր խոսակցությունը շատ չհեռանա նախատեսված թեմայից, առաջարկում ենք մի կողմ թողնել մեր պատմության որոշակի իրադարձությունների շուրջ վեճերը և հիշատակել դրանք միայն այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք ազդել մեր ներկայի և հավանական ապագայի վրա: Մեզ համար շատ ավելի կարևոր է բացահայտել, թե ինչն է նպաստել և ինչն է խոչընդոտել հայության պահպանումն ու բարգավաճումն անցյալ դարերում, և ինչպես կարող ենք կիրառել այդ փորձը XXI դարում: Մեր ներկան հետաքրքրում է մեզ նաև որպես մի երթուղու մեկնակետ, որը մեզ պետք է տանի այնտեղ, ուր ուզում ենք հասնել: Այդ իսկ պատճառով մենք չենք քննարկում ընթացիկ իրադարձությունները և գնահատական չենք տալիս դրանց, այլ համակողմանիորեն վերլուծում ենք իրերի դրությունը՝ կանխատեսելով երկարաժամկետ հետևանքները թե՛ լոկալ, թե՛ գլոբալ համատեքստում: Հուսով ենք, որ բանավեճի մասնակիցների խոսքն անկողմնակալ կլինի, իսկ բանավիճողների կարծիքները կհիմնվեն սթափ վերլուծության վրա, այդ թվում և հեմեմատական, ինչպես նաև կամրապնդվեն տարբեր բնույթի հետազոտությունների արդյունքներով:

Մենք ցանկանում ենք, որ մասնակիցներն ազատ արտահայտվեն, ուստի չենք գրաքննում նրանց մտքերը: Բայց որպեսզի քննարկման մակարդակը բարձր մնա, խոսակցությունն էլ՝ ընդհանուր առմամբ կառուցողական, կոչ ենք անում՝

  • միշտ խոսել սեփական անունից և/կամ այն կազմակերպության անունից, որը ներկայացնում եք,
  • բանավեճի ընթացքում պատասխանատվություն կրել սեփական խոսքի և վարքի համար,
  • ձգտել համաձայնության գալ, ոչ թե հաղթել ընդդիմախոսներին,
  • չվերաձևակերպել զրուցակիցների մտքերը և չխեղաթյուրել նրանց դիրքորոշումները,
  • փաստարկել սեփական դիրքորոշումը,
  • հղում չանել տեղեկատվության ոչ իրավաչափ և/կամ վստահություն չներշնչող աղբյուրներին, երրորդ անձանց կարծիքներին, ընդհանուր կարծիքներին, դավադրությունների տեսություններին,
  • հնարավորինս ձգտել բանավիճել թեմայի շուրջ և քննարկման ընթացքում չխառնել տարբեր հարցեր,
  • չխախտել ուրիշ մարդկանց և կազմակերպությունների իրավունքները, ինչին էլ որ դրանք վերաբերեն, լինի անձնական մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, առևտրային գաղտնիքը, հեղինակային թե պատենտային իրավունքը և այլն,
  • բանավիճային հարթակը չօգտագործել գովազդի և որևէ ապրանքի ու ծառայության, ինչպես նաև դրանք արտադրողների առաջմղման համար,
  • չխրախուսել և չպաշտպանել օրենքից դուրս գտնվող մարդկանց և կազմակերպություններին ու նրանց գործունեությունը,
  • մոլորության մեջ չգցել բանավեճի մասնակիցներին,
  • չտրամադրել տեղեկություններ և չարտահայտվել բանավիճողներին կամ այլ անձանց վնասելու, վիրավորելու կամ արատավորելու համար:

Մեր հարթակում անթույլատրելի են այնպիսի արտահայտությունները, որոնք վերաբերում են որոշ ռասաների, էթնոսների, ազգերի, պետությունների, հանրությունների, հասարակական շերտերի և խմբերի գերազանցությանը մյուսների նկատմամբ: Մեզ համար կարևոր է, որ մեր բանավիճային միջավայրն ազատ լինի ագրեսիայից, ատելությունից, ծայրահեղականությունից, անհանդուրժողականությունից և փոխադարձ վիրավորանքներից, և մենք դրա համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք:

Այդ իսկ պատճառով մենք իրավունք ենք վերապահում մեզ դադարեցնելու բանավեճը կամ ընդհատելու հեռարձակումը, եթե բանավիճողներից որևէ մեկը խախտի բանավիճային հարթակի կանոնները:

 


*Մեզ շատ են դուր եկել այն վարքականոնները, որոնք կիրառել է Անդրեյ Մովչանն իր ֆեյսբուքյան էջում և շարադրել է իր «Россия в эпоху постправды» գրքում, որը լույս է տեսել 2019 թ. «Альпина» հրատարակչությունում: Հեղինակի թույլտվությամբ փոխ ենք առել դրանցից մի քանիսը: